Եկեք չքաղաքականացնենք. այս փուլում ֆուտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու, ես այլ առաքելություն ունեմ.Արթուր Վանեցյանը՝ հրաժարականի մասին (տեսանյութ)
Ես չեմ ասում, որ որևէ հարցում թերացել եմ, մենք շատ մեծ աշխատանք ենք արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը, ով ավելի վաղ ներկայացրել էր պաշտոնից իր հրաժարականը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ ընտրվելու է նոր գործկոմ և նոր նախագահ: «Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն»,- ասաց նա:
«Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակը, որը սկսվեց Իտալիայի հետ խաղից հետո, աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է այդ պատասխանատվությունն իր վրա վերցներ»,- ասաց նա:
Վանեցյանի խոսքով՝ նա հայտարարությամբ էր հանդես եկել, որը իր գործընկերների կողմից հավանություն ստացավ: Նրա խոսքով՝ մեկ տարին լրացել է և իր գնահատմամբ իր առաքելությունն ավարտվել է:
«Ես առաջիկա ժողովում գործկոմի անդամ չեմ առաջադրվելու, առավելևս՝ ՀՖՖ նախագահ: Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»,- ամփոփեց նա:









