Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը լսել է ցուցարարների պահանջները (լուսանկարներ)
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները լսել են հինգշաբթի տեղի ունեցած համազգային գործադուլի մասնակից քաղաքացիների պահանջները, հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը:
Նախագահն այդ մասին հայտարարել է՝ հինգշաբթի դիմելով ժողովրդին:
«Այսօր կոլումբացիները խոսեցին: Մենք լսում ենք նրանց: Հասկանում ենք, որ խաղաղ ցույցերը ժողովրդավարության պայմաններում օրինական երևույթ են»,- հայտարարել է Դուկեն, որի ելույթը հեռարձակվել է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:
Կոլումբիայի ղեկավարը կոչ է արել բոլոր քաղաքացիներին «երկիրը վերափոխելու համար միավորվել` շարունակելով աշխատել»:
«Մենք ուժեղ երկիր ենք, և երբեք չենք դադարի այդպիսին լինել: Այդ իսկ պատճառով այսօր, ինչպես երբեք, կաշխատենք միասին` առաջ տանելու համար մեր երկիրը»,- ընդգծել է նա:
Դուկեն հավելել է, որ վանդալիզմին մասնակից քաղաքացիները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
«Մասնավոր սեփականության նկատմամբ հարձակումներ և կողոպուտներ թույլ չենք տա, ուստի դրանց նկատմամբ օրենքը կգործի իր ամբողջ խստությամբ»,- նշել է նախագահը:
Հինգշաբթի ամբողջ Կոլումբիայով բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Քաղաքացիներն իրենց դժգոհություններն են հայտնել նախագահ Իվան Դուկեի վարչակազմի սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Կարգուկանոն հաստատելու համար իշխանությունները որոշում են կայացրել մինչև ուրբաթ առավոտ փակել ցամաքային և ջրային բոլոր սահմանները: ՆԳՆ-ի տվյալներով` ամբողջ երկրում գործադուլին մասնակցել է 207 000 մարդ:












