«Մենք աղոթում ենք ձեզ համար». Քիմ Քարդաշյանը խոսել է Ավստրալիայում մոլեգնած հրդեհների մասին և զայրացրել օգտատերերին (լուսանկար, տեսանյութ)
Ուրբաթ ավստրալական հեռուստաշոուներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր նոր օծանելիքի մասին երկար պատմելուց հետո, խոսել է նաև Ավստրալիային պատուհասած անտառային հրդեհների մասին, գրում է Daily Mail պարբերականը:
«Հուսով եմ՝ բոլորն ապահով և լավ են Ավստրալիայում հրդեհներից հետո: Մենք աղոթում ենք ձեզ համար»,- ասել է աստղը:
Հիշեցնենք, որ Twitter-ում հրապարակած տեսանյութում ամերիկահայ աստղը նշել էր, որ «ինչ-որ յուրահատուկ բան է պատրաստել Ավստրալիայի համար»: Երկրպագուներից շատերը ենթադրել էին, որ հայտարարությունը վերաբերում է նրա KKW Beauty ապրանքանիշին, իսկ մյուսներն էլ վստահ էին, որ աստղն իրապես պատրաստ է բարեգործության:
Սակայն այսօրվա հայտարարությունից հետո շատ օգտատերեր հանդիմանել են Քիմին` ասելով, որ վերջինս ծաղրել է Ավստրալիային` ասելով, թե յուրահատուկ բան է պատրաստել նրանց համար: Օգտատերերը մեղադրում են աստղին ձեռքերը ծալած նստելու համար, այն դեպքում, երբ Ավստրալիան գրեթե ամբողջությամբ կրակի է մատնված և իրապես օգնության կարիք ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը մասնավոր թիմ էր վարձել՝ մարելու Կալիֆոռնիայում 60 միլիոն դոլար արժողությամբ իրենց առանձնատանը մոտեցող անտառային հրդեհները:












