Թրամփը Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման դեմ օրենք է ստորագրել

09:42 • 28.11.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնկոնգում Մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության մասին օրենք է ստորագրել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Օրենքը ենթադրում է Հոնկոնգի հետ առևտրային հարաբերությունների վերանայում, ինչպես նաև պատժամիջոցներ այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման համար:

Բացի այդ, Թրամփն օրենք է ստորագրել Հոնկոնգ ոստիկանական հանդերձանքի մատակարարումներն արգելելու մասին:

«Օրենքը գործողության մեջ է դրվում այն հույսով, որ Չինաստանի և Հոնկոնգի ղեկավարներն ու ներկայացուցիչները կկարողանան խաղաղ ճանապարհով կարգավորել իրենց տարաձայնությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրինագիծը նաև նախատեսում է նախագահի կողմից պատժամիջոցների և ուղևորությունների սահմանափակումների սահմանման ընթացակարգ նրանց համար, ովքեր ակնհայտորեն մեղավոր են Հոնկոնգում ցանկացած անձի կամայական ձերբակալման, կտտանքների կամ այլ խախտումների համար:

Ստորագրման համար անձնական հայտարարության մեջ Թրամփը հավելել է, որ ինքը ստորագրել է օրենքը՝ «հարգելով ղեկավար Սի Ցզինփինին, Չինաստանին և Հոնկոնգի ժողովրդին»:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

Ավելի ուշ ցուցարարները սկսել են պահանջել ժողովրդավարական բարեփոխումներ, համընդհանուր ընտրական իրավունքի սահմանում և Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամի հրաժարականը: