Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված բեռնատարների մասին հրապարակումների վերաբերյալ

17:43 • 30.11.19

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումասիրություն է սկսել Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների կողմից «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների նվիրատվությունների մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ։

Այս մասին Tert.am –ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ օրերս, ի պատասխան բազմաթիվ մամուլի հրապարակումների և հայտարարությունների՝ Երևանի քաղաքապետարանը հրապարակել էր նվիրատուների ցանկը, ինչից պարզ էր դարձել, որ նվիրատուների թվում են Երևանի Դավթաշեն համայնքում կառուցապատող «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունը, որը նիվրաբերել է 14 աղբատար, և «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը նվիրել է 3 բեռնատար։

Hetq.am-ի հրապարակման համաձայն՝ այս ընկերությունները կապված են նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։ Օրինակ՝ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ չնայած քաղաքապետարանի պնդումներին, թե նախկին պատգամավորն այս ցանկում չկա։