2 մլն դոլար. Ավստրալիայում հրդեհներից տուժած կոալաների համար հայտարարված դրամահավաքը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը (լուսանկարներ)
Ավստրալիայում վերջին շրջանում ռեկորդային երաշտի և անտառային հրդեհների պատճառով տուժած կոալաների հիվանդանոցային խնամքին աջակցելու նպատակով GoFundMe էջում հայտարարված դրամահավաքի արդյունքում երեք շաբաթից քիչ ժամանակում մոտավորապես 2 մլն դոլարի չափով գումար է հավաքվել, որն այժմ համարվում է Ավստրալիայի պատմության մեջ ամենահաջողված դրամահավաքը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Ավստրալական Port Macquarie Koala հիվանդանոցին նվիրատվություններ են փոխանցվել և բարեմաղթանքներ ուղղվել ոչ միայն Ավստրալիայից, այլ նաև ևս 90 երկրից:
Սկզբնապես մտադրություն է եղել հավաքել 25 000 դոլար, սակայն նոյեմբերի 30-ի դրությամբ գումարի չափը հասել է 1 846 630 դոլարի: GoFundMe-ի խոսնակը նշել է, որ ամենախոշոր դրամատուները եղել են Ավստրալիայից, որին հաջորդում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Գերմանիան և Կանադան:
Հիվանդանոցն այժմ խնամում է Պորտ Մաքուորի շրջանից 31 կոալայի, որոնց այրվածքները հետազոտվել են, վնասվածքները`բուժվել:
Անսպասելի մեծ չափով հանգանակությունից հետո հիվանդանոցը հայտարարել է, որ այժմ կարող է հրդեհից տուժած շրջաններում աշխատող վայրի բնության պաշտպանության այլ կազմակերպությունների խմելու ջրի ավելի շատ կայաններ տրամադրել:
Հոսպիտալը նաև հրդեհաշիջման հնարավորություններով ջրային մեքենա է գնել` անհրաժեշտության դեպքում խմելու ջրի կայանները համալրելու նպատակով:
Հրդեհների հետևանքով սատկել է մոտավորապես 350 կոալա, ոչնչացել`նրանց կենսամիջավայրի 75%-ը: Հիվանդանոցն այժմ մտադիր է հաստատություն հիմնել, որը կօգնի կենդանիների գոյատևմանը և վերարտադրմանը:




















