Մենք ստեղծեցինք դրական բովանդակություն, որը պետք է շատ զգուշորեն օգտագործել. ԱԳ նախարարը՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունների մասին (տեսանյութ)
Իրապես շատ պատասխանատու պահ է, որովհետև այդ այցելությունները բխում էին մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է ձևավորել խաղաղ միջավայր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի լրագրողների փոխայցելություններին:
«Եթե մենք գործնականում աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել գործնական առաջընթաց, եթե չունենք համապատասխան միջավայր, սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որևէ ճեղքումներ կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումից: Շատ էական է, որ այս ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով. նրանք կարծիք ստեղծողներ են»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ չի ցանկանում շտապողականություն դրսևորել՝ մատնանշելով հետագա քայլերը: «Ես չեմ ուզում անմիջապես կառուցել մնացած բոլոր քայլերը, բայց այո, ես շատ դրական եմ գնահատում այս փաստը: Շատ կարևոր էր, որ Ադրբեջանից եկած լրագրողները կարողացան լինել և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Մենք ստեղծեցինք մի նոր դրական բովանդակություն, որը պետք է շատ զգուշորեն օգտագործել, որպեսզի մենք կարողանանք շարունակել կառուցողական շարժվել դեպի այդ կարևոր նպատակը՝ խաղաղությունը»,-ասաց Մնացականյանը:
Անդրադառնալով հարցին՝ պատգամավորների փոխայցելություններ և՞ս կլինեն, նախարարը պատասխանեց. «Ես չեմ ուզում առաջ ընկնել, որովհետև պատգամավորները քաղաքական գործիչներ են, որոնք նաև աշխատում են տարբեր այլ հարթակներում, միմյանց հետ առնչություն ունեն: Լրագրողական փորձագիտական մակարդակը, իմ կարծիքով, բավական դրական մակարդակ է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









