10-ամյա վիետնամցին ընտանիքի անդամներին կորցնելուց հետո միայնակ է ապրում՝ ապրուստ հայթայթելով հողագործությամբ (տեսանյութ)
Վիետնամի գյուղական համայնքներից մեկում բնակվող 10-ամյա տղան, որը միայնակ է մնացել ողջ ընտանիքին կորցնելուց հետո, չի ցանկանում որդեգրվել որևէ մեկի կողմից: 10-ամյա Դանգ Վան Կույենի պատմությանն անդրադարձել է Օddity central-ը:
Տղան նախընտրում է միայնակ ապրել և ինքն է վաստակում իր ապրուստը: Նա ողջ օրն աշխատում է տան մոտ գտնվող դաշտերում՝ բանջարեղեն և մշակաբույսեր աճեցնելով, որոնցով էլ սնվում է:
Տղան մորը կորցրել է մանուկ հասակում և ապրելիս է եղել տատիկի հետ, մինչ հայրը մեկնել է հեռավոր վայրեր շինաշխատանքներ կատարելու: Իրադրությունն էլ ավելի է բարդացել, երբ հայրը մահացել է աշխատավայրում պատահած պատահարի ժամանակ, իսկ տատիկը նորից է ամուսնացել և մեկ այլ գյուղ տեղափոխվել:
Վիետնամական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է տղան ինքնուրույն եփում իր ուտելիքը՝ բնակվելով աղքատիկ խրճիթում, ինչպես նաև դաշտ է գնում՝ մշակելու իր աճեցրած բույսերը:
Տղայի հոր մահվանից հետո նրա ուսուցիչը կարողացել է գումար հավաքել, որպեսզի վերջինիս դին տեղափոխվի հայրենի գյուղ: Մանկատուն գնալուց հրաժարվել է ինքը տղան՝ պնդելով, որ միայնակ էլ կարող է ապրել:
Չնայած իր կրած դժվարություններին՝ տղան ոչ մի օր չի բացակայում դպրոցից. նա ամեն առավոտ հեծանիվով գնում է դասի, այնուհետև վերադառնում տուն և անցնում իր առօրյա պարտականություններին:










