Սամոայում կարմրուկի համաճարակից մահացածների թիվը հասել է 53-ի, մեծ մասը երեխաներ են
Սամոայում կարմրուկի համաճարակից մահացածների թիվը հասել է 53-ի, վարակվածների թիվը` ավելի քան 3700-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի ղեկավարության տարածած հայտարարությանը:
Կառավարության թվիթերյան էջում հրապարակված տեղեկությունների համաձայն` համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 3728 դեպք, որից 198-ը` վերջին օրերի ընթացքում:
Մահացածների մեծ մասը` 53 հոգուց 48-ը, մինչև 4 տարեկան երեխաներ են: Վերջին 24 ժամվա ընթացքում տեղեկություններ են հայտնվել այդ տարիքային խմբում ևս 96 հոգու հիվանդանալու մասին:
Սամոայի առողջապահության նախարարությունն առաջին մահվան դեպքերից հետո հայտնել է համաճարակի մասին հոկտեմբերի 16-ին: Երկրի իշխանությունները զանգվածային պատվաստումների մասին հայտարարել են նոյեմբերի 18-ին: Այդ ժամանակվանից ի վեր պատվաստվել է ավելի քան 58 000 մարդ:
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության նվազեցման հիմնական գործոնը պատվաստումն է:









