Սկզբում ծաղիկներ, հետո՝ փամփուշտներ. The Guardian-ի անդրադարձն Իրանում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներին (տեսանյութեր)
Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Իրանում հակակառավարական ցույցերին, բողոքի զանգվածային ակցիաներին՝ ներկայացնելով ակտիվիստների հետ հարցազրույցներն ու սոցցանցերում այս թեմայի շուրջ արվող հրապարակումների վերլուծությունը:
Անդրադարձի հեղինակ Մայքլ Սաֆին հիշեցնում է, որ ցույցերի պատճառ է դարձել նոյեմբերին իրանական իշխանությունների կողմից վառելիքը կրկնակի թանկացնելու անակնկալ որոշումը, ինչը խիստ զայրացրել է ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ծանր դրության մեջ գտնվող բնակչությանը:
Նշվում է, որ վերջին 40 տարում սա Իրանի պատմության մեջ ամենազանգվածային ըմբոստությունն է, որին մասնակցել են հարուր հազարավոր մարդիկ:
Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ ամենաշատ զոհը գրանցվել է Շիրազում՝ պարսկական մշակույթում առավել հայտնի «Վարդերի քաղաքում»:
Այստեղ ամեն ինչ սկսվեց նրանից, որ քաղաքացիները, ի նշան բողոքի, սկսեցին իրենց մեքենաները փողոցի մեջտեղում կայանել և զանգվածային անհնազանդության կոչեր անել: Դրա հետևանքով Շիրազի խոշորագույն փողոցները հսկայական կայանատեղիների վերածվեցին, գրում է նա:
Հաջորդ օրերին մարդիկ սկսեցին մեծ խմբերով ողողել փողոցները:
Սկզբում ցույցերը խաղաղ էին, իշխանությունների պատասխանը՝ նույնպես: Հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները ծափահարում են ոստիկաններին ու նրանց ծաղիկներ տալիս:
Սակայն համերաշխությունը երկար չտևեց: Բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառում, հնչում են կրակոցներ, այրվում են խանութներ:
«Երիտասարդությունն ապագա չունի այս երկրում, քանի դեռ իշխանության են այս գողերը»,- պարբերականի հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ ոստիկանությունը սկսել է ծեծել իրենց, ինչին ի պատասխան իրենք սեփական կյանքը պաշտպանելու միջոցներ են ձեռնարկել:
«Սա Շիրազն է, և զինուժը կրակում է մարդկանց վրա»,- տեսանյութերից մեկում ասում է մի ակտիվիստ՝ ցույց տալով 20-ամյա զոհին՝ Մեհդի Նեկուին:
Այս սպանությունն ավելի բորբոքեց ցուցարարներին: Նրանք սկսեցին քարերով հարվածել ոստիկաններին, կոտրել ոստիկանության շենքի պարիսպը, իսկ ավելի ուշ՝ շենքը հրկիզել:
«Մենք խնդրեցինք հրկիզողներին կանգ առնել, սակայն մարդիկ լի են ցասմամբ, ու ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց»,- պատմել է մեկ այլ ցուցարար՝ ընդգծելով, որ ոստիկանները շատ դաժան էին իրենց հայրենակիցների նկատմամբ:
«Դա այնպիսի բռնություն էր, որի նմանը ես չէի տեսել երբեք»,- հավելել է ցուցարարը:
Այնուհետև իրադարձությունները տեղափոխվել են Շիրազի Գոլշան արվարձան, որը վերածվել է «պատերազմական գոտու»: Անվտանգության ուժերը ներխուժել են ծանր զենքերով ու ուղղաթիներով: Բոլոր ճանապարհները փակված են մնացել չորս օր շարունակ:
Մինչդեռ Սադրա արվարձանում ցուցարարներն իրենց վերահսկողությունն են հաստատել՝ հրդեհելով բարձրաստիճան իմամի գրասենյակը, ինչն ուղղակի հարձակում էր երկրի հոգևոր իշխանության դեմ: Դրան ի պատասխան անվտանգության ուժերը կրակ են բացել ուղղաթիռներից:
Մեկ այլ ակտիվիստի փոխանցմամբ՝ Շիրազում հրկիզվել է 80 բանկ ու բենզալցակայան: Ոստիկանությունը խուզարկումներ է իրականացրել կասկածյալ ցուցարարների տներում:
Ակտիվիստները պնդում են, որ Շիրազում 60-ից ավելի զոհ է եղել, սակայն դեռևս ապացույցներ չեն կարողանում ներկայացնել:









