Ահաբեկչությունից հետո վերաբացվել է Լոնդոնի կամուրջը (տեսանյութեր)
Անցած ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վերաբացվել է Լոնդոնի կամուրջը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Լոնդոնի կամուրջը կրկին բաց է տրանսպորտի և հետիոտների համար: Շնորհակալ ենք ձեր համբերության համար»,- հայտնել է Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Լոնդոնի կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Երկու հոգի` մեկ կին և մեկ տղամարդ, ստացած վնասվածքներից մահացել էին: Եվս երեքը տուժել էին:
Ավելի ուշ հաղորդվել է հարձակում գործած անձի անունը՝ նա Սթաֆորդշիրից 28-ամյա Ուսման Խանն է, որը մոտ մեկ տարի առաջ է կալանքից ազատ արձակվել: Վերջինս դաստակին կրել է նաև իր տեղաշարժը վերահսկող էլեկտրոնային ապարանջան:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի կամրջի մոտակայքում Քեմբրիջի շրջանավարտների հանդիպման ժամանակ: Ներկաները փորձել են կանգնեցնել հանցագործին, սակայն վերջինս փողոց է վազել, որտեղ էլ նրան կանգնեցրել է ոստիկանությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:









