Ժամանակակից աշխարհում բարեգործության բանաձևերը պետք է փոփոխվեն. «Իմ քայլի» պատգամավորները՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի ցածր արդյունքի մասին
Համահայկական հեռուստամարաթոնին այս տարի 9,8 մլն դոլար է հավաքվել, ինչը նախորդ տարվա ցածր ցուցանիշից՝ 11 մլն դոլարից ավելի քիչ է և վերջին տասը տարիներին գրանցված ամենացածր ցուցանիշն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ հեռուստամարաթոնի իրական պատկերն է դա, նախկինում գուցե այլ թիվ է եղել, սակայն խոստացված գումարները չեն փոխանցվել, կամ եղել են գումար տրամադրելու հրահանգներ:
«Միգուցե այս արդյունքը ստացված գումարների իրական արդյունքն է, իրական պատկերը»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Շատ հնարավոր է, որ նախորդ տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվող նվիրատվության միջոցով փողերի լվացում է տեղի ունեցել։ Հստակ չեմ կարող ասել, բայց տարբեր քննարկումների, զրույցների արդյունքում կարելի է ասել, որ նույն եզրակացությանն ենք գալիս: Նախ` պետք է հասկանալ, թե ուր են գնացել այդ նվիրաբերված գումարները։ Կարծիք կա, որ մարդիկ գումար են նվիրաբերել հիմնադրամին, հետո հիմնադրամից ինչ-որ կերպ փոշիացել է»,- ասաց նա։
Հավաքագրված գումարի չափի մասին նույն կարծիքն ունի նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը.« Նախկինում խոսվել է այն մասին, որ Բաղրամյան 26-ից հրահանգներ են եղել, թե բարերարներն ինչքան պիտի փոխանցեն։ Բայց սա իրականում այս պահին, որևէ հիմնավորում չունի։ Բայց ես իրականում այլ բան եմ կարծում, պետք է ժամանակակից աշխարհում բարեգործության բանաձևերը փոփոխվեն»,- ասաց Ղազարյանը։
Պատգամավորը ողջունելի համարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր բանաձևը, ըստ որի, բոլորը կարող են ամեն ամիս սիմվոլիկ գումար նվիրաբերել։
Անդրադառնալով 22-րդ հեռուստամարաթոնի արդյունքներին, որտեղ նվիրատվության առաջին սանդղակներում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, Ղազարյանը նշեց, որ նման արդյունքը սպասելի էր և արտասովոր ոչինչ չկա։









