Թուրքական մամուլի անդրադարձը շվեդական Nordic Monitor կայքի կողմից բացահայտված ծրագրին, ըստ որի Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային հարվածի ծրագիր է մշակել
Թուրքական մամուլն անդրադարձել է շվեդական Nordic Monitor կայքի կողմից բացահայտված ծրագրին, որը վկայում էր այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ «Altay» ծածկանունով ռազմաօդային հարվածի ծրագիր է մշակել:
Շվեդական այս կայքը համակարգվում է ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի համակիր լրագրողների կողմից, իսկ գյուլենական շարժումը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական:
Մասնավորապես, թուրքական veryansintv.com կայքը ծրագրի մանրամասները հրապարակող լրագրողներին անվանել է դավաճաններ, Թուրքիային մատնողներ և պետական շահի դեմ գործողներ: Հատկանշական է, որ աղբյուրը չի հերքում ծրագրի առկայությունը, այլ ընդամենը մեղադրում է այդ ծրագիրը բացահայտողներին՝ մեղադրելով նրանց պետական դավաճանության համար:
Աղբյուրն ընդգծում է ծրագիրը հրապարակողների գյուլենական լինելը և անդրադառնում է նաև հայկական ու հունական մամուլի արձագանքներին:
Հունական մամուլում, մեկնաբանելով տեղի ունեցած բացահայտումը, կարծիքներ են տարածվում, որ Սիրիայից հետո Թուրքիան հնարավոր է հայացքն ուղղի դեպի Հայաստան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, շվեդական Nordic Monitor կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին:
Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ծրագրված է եղել «Oğuztürk» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ օպերացիան կոդավորված է եղել «Altay» անվամբ և հաստատվել է 2001 թվականին:









