Հունական պատվիրակությունն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է TANAP-ի վերջին հատվածի բացման արարողությունը
Թուրքիայի Էդիրնեի շրջանի Սարըջաալի գյուղում տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) MS4 (եվրոպական հատվածի) բացման արարողությունը: Արարողությանը մասնակցող Հունաստանի պատվիրակությունը սկանդալով վաղաժամ հեռացել է արարողության վայրից: Այս մասին տեղեկացնում է birgun.net կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արարողության ժամանակ իր ելույթում նշել է, որ Թուրքիան չի դադարեցնելու իր հորատման աշխատանքները Կիպրոսի շրջակա ջրերում, քանի որ համարում է դա միջազգային իրավասությունների շրջանակում ընթացող գործողություն:
«Ոչ մի գոռգոռոց մեզ չի ստիպի դուրս հանել հորատման աշխատանք կատարող նավերը Միջերկրական ծովից»,-հայտարարել է Էրդողանը:
Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությունն Էրդողանի այս խոսքերից հետո որոշել է լքել արարողությունը:
«Երբ մենք փորձում էինք դուրս գալ, թուրքերը մեզ փորձեցին կանգնեցնել, սակայն ես ասացի, որ չենք կարող մնալ այստեղ և որոշել ենք լքել արարողությունը: Մենք լքում ենք այն, որպեսզի արտահայտենք մեր դժգոհությունը»,- ասել է Իկոնոմուն:
Թուրքիան հորատման աշխատանքների համար Կիպրոս է ուղարկել «Yavuz» և «Fatih» նավերը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշման հետ՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում:









