Սանկտ Պետերբուրգում ուզբեկստանցի վարորդը վառվող ավտոբուսից 50 ուղևորի է փրկել (տեսանյութ)

11:11 • 03.12.19

Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկիյ շրջանում՝ մայրուղու վրա, ավտոբուս է հրդեհվել: Հրդեհի պահին ավտոբուսում գտնվել է 50 մարդ: Այս մասին տեղեկացնում է kun.uz կայքը:

Ավտոբուսը Սանկտ Պետերբուգից ուղևորվում էր Զելենոգորսկ: Վարորդը նկատել է, որ շարժիչից ծուխ է դուրս գալիս, կանգնեցրել է տրանսպորտային միջոցն ու արագ դուրս հանել բոլոր ուղևորներին:

Ուղևորները փրկվել են վարորդի գրագետ գործողությունների արդյունքում: Ուզբեկստանից 43-ամյա վարորդը, որն այս ոլորտում աշխատում է արդեն 3 տարի, դարձել է օրվա հերոսը:

«Վարորդը փորձել է ինքնուրույն մարել հրդեհը 3 կրակմարիչների օգնությամբ, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այդ մեթոդով գործնականում անհնար է մարել ավտոբուսի հրդեհը»,-ասել են «Երրորդ պարկ» ՍՊԸ-ի մամուլի ծառայությունում:

Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը հաջորդ ավտոբուսով:

Հրդեհը մարել վարորդին օգնել են դեպքի վայր ժամանած հրշեջները: