Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու վերաբերյալ հայ հասարակության միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստան–Հայաստան դաշնակցային հարաբերությունների ամրության մասին. հայտարարություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի վրա ներկ լցնելու կապակցությամբ.
«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»,– ասվում է մեկնաբանությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկման՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։
Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ նյութեր է նախապատրաստվում: Ավելի ուշ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ արձանն արդեն մաքուր էր։
Շահեն Հարությունյանը կանչվել է ոստիկանություն և բացատրություն տվել կատարվածի վերաբերյալ։










