Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն. թող ստուգեն, բայց դրան ձև կա, չափ կա. Գագիկ Ծառուկյանը՝ իրեն պատկանող հաստատություններում ստուգումների մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տնտեսական հեղափոխություն չի տեսնում: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է: Վարկ են վերցրել, գոնե օգտագործեն, տարել բանկում դրել են: Դա ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»,-ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները պնդում են, որ կոռուպցիան վերացել է, արդյունքում էլ զարգանում է տնտեսությունը:
Նա անդրադարձավ նաև հարցին, թե իշխանություններն իր առջև երբևէ պայման դրե՞լ են իր հանդեպ լավ վերաբերմունքի համար ինչ-որ գործողություններ կատարել: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ո´չ ինչ-որ մեկը ռիսկ է արել ինձ ասել, ո´չ էլ կարող է: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարող լինել: Ծառուկյանն ինչ մտածում է, ասում է, ոչ թե մտածում ա՝ վայ, հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն, էն կանեն»,-ասաց Ծառուկյանը՝ նշելով, թե ինքը հաշվի չի առնում՝ ով որ կուսակցությունից է, իր ցանկությունը ժողովրդի, պետության համար լավ բան անելն է:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են գործարարները միշտ ձգտում մոտ լինել իշխանությունների հետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն արձագանքեց՝ որ գործերը լավ լինեն:
«Ասա՝ այսօր, բացի Ծառուկյանից, ո՞ւմ են ստուգում: Ցանկացած օբյեկտ նայեք: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, չեմ ասում՝ մի ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Այս երկրում միայն Ծառուկյա՞նն է սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն. ստուգում են, թող ստուգեն»:
Դիտարկմանը՝ արդյո՞ք հիասթափված է հեղափոխությունից, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ հիասթափված չէ: «Ոչ մեկն էլ չպիտի հիասթափվի, կյանքը շարունակվում է, ամեն թերություն մարդն իր մեջ պետք է փնտրի»,-հավելեց նա:










