ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատված կկառուցի

11:26 • 03.12.19

ԱՄՆ-ն մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ն Արիզոնա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատված կկառուցի, որի համար կծախսվի գրեթե 400 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմական գերատեսչության կայքը:

Fisher Sand and Gravel Co. ընկերությունը 399,962 մլն դոլարի պայմանագիր է ստացել՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Պատի նոր հատվածի երկարությունը կլինի շուրջ 50 կմ:

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Մեքսիկայի հետ սահմանին պատի մոտ կատարված հաջող փորձի մասին, որի արդյունքում պրոֆեսիոնալ լեռնամագլցողները չէին կարողացել հաղթահարել պատի արգելքը:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: Այս տարվա փետրվարին Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել, որպեսզի կարողանա հավաքել պատի կառուցման համար նախատեսված 6,4 միլիարդ դոլարը: Նախագահի հակառակորդները պատի կառուցման համար համաձայնել էին տրամադրել միայն 1,4 միլիարդ դոլար: