Քաղաքապետարանում որևէ հայտարարություն չկա, շինթույլտվության վերաբերյալ ոչ մի քննարկում չի եղել․ Աշոտ Բլեյանը՝ կրթահամալիրի և մանկապարտեզի միջև ցանկապատ կառուցելու մասին (տեսանյութ)

15:22 • 21.12.19

Ամբողջ ողբերգությունն այն է, որ մենք շինթույլտվությունը չենք տեսել։ Արդեն երկու անգամ դիմում ենք տվել։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Կրթահամալիրի ուսուցիչները և ծնողները բողոքում են, որ ապօրինի վերսկսվել է թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը, որը, ըստ Բլեյանի, հակասում է քաղաքային նորմերին։

«Այստեղ ցանկապատ կառուցելը որևէ նշանակություն չունի․ իր մեջ վտանգներ ունի։ Օրինակ այդ ցանկապատով աղճատվում է միասնական տարածքը։ Այստեղ ցանկապատ չի եղել․ բնական է, որովհետև ցանկապատ նշանակում է բնակչի ամենօրյա տեղաշարժի խոչընդոտ»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է քաղաքապետարանի այն նպատակը, որ ուզում է ուսումնական հաստատություններն առանձնացնել, Բլեյանը պատասխանեց՝ բացատրություն չկա, հիմնավորում ուզել են, սակայն կոնկրետ պատասխան չկա։

«Քաղաքապետն իր տիկնոջ հետ այցելել է մեզ, մենք նոր մոտեցումներ ենք ներկայացրել։ Երբ մենք փորձեցինք քաղաքապետարանի կայքում գտնել շինթույլտվությունների հանրային քննարկումները, պարզվեց, որ ոչ մի քննարկում չի եղել։ Քաղաքապետարանում որևէ հայտարարություն չկա, որտեղ քննարկված կլինի այս շինարարությունը»,- նշեց կրթահամալիրի տնօրենը։

Աշոտ Բլեյանը նշեց նաև, որ դիմել են ավագանու բոլոր անդամներին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։ «Միայն Արթուր Իսպիրյանն ասել է, որ եթե ոչինչ չկարողանա անել, միանալու է մեր ակցիային։ Ասում էր՝ ես կգամ, ձեզ հետ կլինեմ։ Չեկավ, մեզ հետ չի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում լարված իրավիճակ էր ստեղծվել, քանի որ, ինչպես Աշոտ Բլեյանն էր ասել, կրթական պարտեզում ապօրինի վերսկսվել է թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը, որը կրթահամալիրի տնօրենը քաղաքաշինական նորմերին հակասող համարեց։