2019-ին տնտեսական աճը հիմնված էր սպառման վրա, մասնավոր ներդրումները նվազեցին, և կառավարությունը 2020-ի համար լուրջ մտահոգվելու տեղ ունի. Վարդան Արամյան
Եթե որևէ մեկը տնեսական հեղափոխության ձևակերպում տա, ես կասեմ` 2019-ին եղել է, թե` ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով 2019-ի տնտեսական տարին:
«Ես իմ սեփական ձևակերպումը ունեմ. ոչ թե հեղափոխություն, այլ ճեղքում, որը պետք է ապահովենք: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում մեր դասի երկրների շարքում մենք պետք է ավելի արագ աճենք ու զարգանանք, և դա պետք է լինի ոչ թե մեկ տարվա ընթացքում, այլ պետք է լինի պերմանենտ»,-ասաց նա:
Խոսելով խնդիրների մասին` նա առաջնային համարեց հարկաբյուջետային քաղաքականության ծախսողական քաղաքականությունը: «40 միլիարդ ծրագրի պայմաններում շուրջ կեսը թերակատարելը լուրջ վտանգ է ապագա տարիների տնտեսական պոտեցնյալի մասով: Կապիտալ ծախսերը ենթակառուցվածքներում անուղղակի կերպով նաև ազդում են մասնավոր ներդրումների վրա: Հետևաբար 2019-ի այս խիստ պահպանող ծախսողական քաղաքականությունը որոշակիորեն ազդեց մասնավոր ներդրումների վրա: Հիմա ինչպիսի պատկեր ունենք. հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսող չէր, թերակատարումների բեռը ընկավ կապիտալ ծախսերի վրա, մասնավոր ներդրումները տարվա ընթացքում նվազեցին, հետևաբար կառավարությունը 2020-ի համար լուրջ մտահոգվելու տեղ ունի ի դեմս նրա, թե ինչպես պետք է ամրացնի տնտեսական աճի պոտենցյալը»,-ասաց նա:
Երկրորդ խնդիրը Վարդան Արամյանը այն համարեց, որ հիմնականում երկու տեսակի վարկերն են աճում` սպառողական և հիպոտեկային: «Ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից այստեղ վտանգ կա, և 2020-ին պետք է ուշադիր լինել: Հաջորդ խնդիրը, որը կառավարությունը պետք է ճշգրտի և ուշադրություն դարձնի, գնումներն են: Իհարկե կոռուպցիայի դեմ պայքար կա, բայց դա պատմության մի մասն է, որովհետև հնարավոր չէ՝ քո էական թերակատարումները պայմանավորված լինեն կոռուպցիոն գործոններով»,-ասաց նա:
Վարդան Արամյանը նկատեց, որ գնումների մեջ աճում է նաև մեկ անձից գնումների կշիռը, ինչը պետք է մտահոգի կառավարությանը: Հարցին, թե այդտե՞ղ էլ կոռուպցիայի աղբյուր տեսնում, նա ասաց, որ սովորաբար գնումներում միշտ էլ կա կոռուպցիոն ռիսկի դրսևորման վտանգ: «Բացի այդ, եթե քեզ մոտ դինամիկայի տեսանկյունից շատ արագ են աճում մեկ անձից գնումները, հետևաբար ինչ-որ մի բան այն չէ, և այստեղ կառավարությունը մտահոգվելու տեղ ունի, հասարակությունն էլ պետք է պահանջատեր լինի, որպեսզի կառավարությունը սպառիչ մեկնաբանություններ տա: Կառավարությունը պետք է բացատրի և մեկնաբանի, թե ինչու ոչ մրցակցային մեկ անձից գնումները 7 միլիարդից դարձան 20 միլիարդից ավելի: Կառավարությունը պետք է մտահոգվի և յուրաքանչյուր գնման հետևից գնա»,-ասաց նա:
Ֆինանսների նախկին նախարարը նկատեց, որ թեև 2019-ին հարկերի հավաքելիության առումով դրական պատկեր ունենք, սակայն խնդիրը կայանում է մյուս տարվա մեջ, և այստեղ կառավարությունը պետք է մտահոգվի: Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է լինի խելամիտ, ինչը նշանակում է, որ անընդհատ պետք է նպաստի տնտեսական աճին և հետագայում լրացուցիչ տնեսական աճից հարկերը հավաքի, կարողանա իր ընթացիկ ծախսերը հոգա:
«Ընթացիկ ծախսերը տարբեր նկատառումից ելնելով շատ արագ աճելու հակում ունեն, այդ թվում նաև պոպուլյար դրսևորվելու տեսանկյունից, քանի որ ցանկացած կառավարության մոտ գայթակղությունը շատ մեծ է հանրության աչքերում պոպուլյար երևալ, իսկ դրա լավագույն ձևը ընթացիկ ծախսերն ավելացնելն է` թոշակներ, աշխատավարձեր և այլն, ինչը իհարկե շատ լավ է: Բայց երբ գալիս ենք և բախվում տնտեսագիտական կատեգորիաների հետ, ապա կարևոր է դրանց պերմանենտ լինելը, քանի որ անարդար կլինի՝ բոլորս խոստանանք ժողովրդին, որ աշխատավարձերը բարձրացնում ենք 10 կամ 20 տոկոսով բայց մի տարի գա և տեսնենք, որ տնտեսությունը այդ ներուժը չունի, իսկ որևէ երկրի կառավարության տնտեսություն թոշակ չի իջենցնելու»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք այս կառավարությունը պոպուլիզմի հետևից գնում է, նա ասաց.«Ես ռիսկեր ամեն դեպքում տեսնում եմ: Եթե կապիտալ ծախսերը 2019-ին էապես թերակատարել են, եթե մասնավոր ներդրումները նվազել են, դա նշանակում է, որ հաջորդ տարվա ընթացքում պետք է մտածենք՝ որոնք են այն գործոնները, որոնք տնտեսական ուժին օգնելու են: 2019-ի տնտեսական աճի բնույթը սպառման վրա հիմնված տնտեսական աճ էր, սա նշանակում է, որ առաջարկով մղվող տնտեսական աճ ունենալու համար պետք են ներդրումներ, պետք է արտադրողականությունը անընդհատ աճի: Ներդրումների մասով մտահոգվելու տեղիք կա, իրականում այդտեղ խնդիր կա, և այդ խնդիրը գալիս է բյուջեի ծախսողական քաղաքականությունից և մակրոտնտեսական իրավիճակից»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ 2020-ին չի լինելու երեք գործոն, որոնք կային 2019-ին: Առաջինը` ավտոմեքենաների ներմուծումից հավաքագրվող հարկերն են, որոնք մյուս տարի չեն լինելու, երկրորդ` մեկնարկում է Հարկային նոր օրենսգիրքը, որով այդքան հարկ չի հավաքվելու, և երրորդը վարչարարության սահմանափակվածությունն է լինելու:
«Եթե գործոններին էլ ավելացնենք հարկաբյուջետային քաղաքականության ոչ ծախսողական բնույթը, կառավարության ոչ ծախսողական քաղաքականությունը, և, եթե իմ թվարկած ռիսկերը նյութականացվեն, ապա նշանակում է, որ կառավարությունը հետագա ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար դժվարություններ է ունենալու, հեռատեսությունը և քայլերի հաջորդականությունը խիստ կարևոր են»,-ասաց նա:
Անդրադառնալով ձեռքբերումներին՝ Վարդան Արամյանը դրական համարեց տնտեսական աճի մակարդակը, որը տարածաշրջանում, ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձրն է: Երկրորդ դրական գործոնը նախկին նախարարը պետական պարտքի թողարկումը համարեց: «Այս գործընթացի վրա ֆինանսների նախարարությունը աշխատում էր 2016-ից և 2019-ի սեպտեմբերին առկա պայմանները բավականին լավ էին: Երրորդ ձեռքբերումը հարկային օրենսգրքի ընդունումն էր, որի աշխատանքները ևս տարվում էին սկսած 2016-2017-ից, թեև եկամտային հարկի մասով դեռևս անելիքներ կան»,-ասաց նա: Արամյանը նաև ձեռքբերում համարեց, որ հարկային հավաքելիությունը 2019-ին հաջող էր, ինչին արձագանքեցին միջազգային վարկանշող կազմակերպությունները:










