Բուլղարիան երկու ռուս դիվանագետների «անցանկալի անձ» է հայտարարել

22:27 • 24.01.20

Բուլղարիան Ռուսաստանի դեսպանին «նոտա» է փոխանցել ռուս դիվանագետի և ռուսական առևտրային ներկայացուցչության աշխատակցի` «Անցանկալի անձ» հայտարարվելու մասին: Այս մասին տեղեկացնում է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան Facebook-ի էջը:

«Ոչ մի ապացույց այն մասին, որ նրանք իրենց կարգավիճակին չհամապատասխանող գործունեություն են ծավալել, չի ներկայացվել»,-նշել են դեսպանատանը:

Նշվում է, որ աշխատակիցները կլքեն Բուլղարիան նշված ժամկետներում, իսկ Մոսկվան իրավունք կունենա պատասխան քայլեր ձեռնարկելու:

«Բուլղարական իշխանությունների որոշումը`այս լուրը մինչև դեսպանատան պաշտոնական հայտարարությունը հրապարակայնացնելը համարում ենք ոչ համապատասխան մեր պետությունների միջև ավանդական կառուցողական հարաբերությունների ոգուն»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բուլղարիայի դատախազությունը հայտարարել էր, որ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկություն են ստացել երկու ռուսաստանցիների լրտեսական գործունեության մասին:

Հետաքննությունը նշել է, որ 2017 թվականից Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական վարչության առաջին քարտուղարը զբաղվել է լրտեսական գործունեությամբ:

Դատախազության հայտարարության համաձայն երկրորդ կասկածյալը կրկին դիվանագիտական լիազորություններ ունեցող ռուսաստանցի է, որը աշխատել է առևտրական ներկայացուցչությունում: Դատախազության հայտարարության համաձայն՝ նա հետախուզական տեղեկատվություն էր հավաքում 2018 թվականի հոկտեմբերից:

Քրեական գործը դադարեցվել է`կասկածյալների անձեռնմխելիության պատճառով: