ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամենաքիչը երկու մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է abcnews.go.com կայքը:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4:15 (14:15 Երևանի ժամանակով) քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Գեսներ փողոցում: Տեղի բնակիչների խոսքերով՝ պայթյունը լսելի է եղել մի քանի մղոն հեռավորության վրա և այնքան ուժգին է եղել, որ կոտրել է մի քանի շենքերի պատուհանները: Պայթյունը տեղի է ունեցել Watson Grinding and Manufacturing ընկերությունում: Ենթադրվում է, որ պայթել է գազի բաքը:
«Մենք հաստատված զոհեր ունենք, ամենաքիչ երկու մարդ: Մենք որևէ վկայություն չունենք, որ տեղի ունեցածը կապված է ահաբեկչության կամ մտածված գործողության հետ»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել տեղի ունեցածի պատճառները պարզելու նպատակով:










