«Իրանը հենց սկզբից էլ իմացել է, որ իր ուժերն են խոցել ուկրաինական օդանավը, սակայն գաղտնի է պահել». Նեթանյահուն` Զելենսկուն
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը հենց սկզբից էլ իմացել է, որ իր ուժերն են խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 օդանավը, սակայն գաղտնի է պահել այդ փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իրանը հենց առաջին պահից էլ գիտեր, որ սեփական ուժերն են խոցել ձեր ինքնաթիռը: Նրանք փորձում էին թաքցնել դա, թաքցրին 48 ժամ, մինչև որ ստիպված եղան խոստովանել: Կարծում եմ` սա շատ բան է ասում այն մասին, թե ինչ ռեժիմ է դա»,- հավելել է նա:
«Մեր երկրները երկու ժողովրդավարություններ են, որոնք ցանկանում են ապագան տեսնել համագործակցությամբ, տեխնոլոգիական փոխանակմամբ և զբոսաշրջությամբ»,- հավելել է նա:
«Ցանկանում եմ նաև Ձեզ հետ քննարկել` ինչպես կարող ենք դիմակայել մեր ընդհանուր քաղաքակրթությանն ու ապագային սպառնացող ուժերին և ռեժիմներին»,- հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին Երուսաղեմ կատարած այցի ժամանակ այցելել է Լացի պատի մոտ և միացել է Ուկրաինայի խաղաղության համար աղոթքին:
Զելենսկին ընդգծել է Դոնբասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Աղոթքը հնչեցրել են Կիևի գլխավոր ռաբբի Մոշե Ռեուվեն Ասմանը, ռաբբի Շալոմ Արուշը և Լացի պատի գլխավոր ռաբբի Շմուել Ռաբինովիչը:
«Ուկրաինայի համար ամենաանհրաժեշտ բանը խաղաղությունն է: Կարևոր է, որ խաղաղության համար աղոթքը հնչի նման սուրբ վայրերում»,- հայտարարել է Զելենսկին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Թեհրան-Կիև չվերթն իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը լույս հունվարի 8-ին կործանվել է օդ բարձրանալուց րոպեներ անց՝ դառնալով 176 մարդու մահվան պատճառ: Ավելի ուշ իրանական իշխանությունները խոստովանել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:










