Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18-ի. Էրդողանը հայտարարել է, որ հետևում է աղետի գոտում տեղի ունեցող իրադարձություններին

03:08 • 25.01.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հետևում է Էլազըգ նահանգում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ հունվարի 24-ի երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել:

Վերջին տվյալներով` զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 30 մարդու փրկարարները փորձում են դուրս բերել փլատակների տակից: Ավելի քան 500 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

«Որպես Թուրքիայի նախագահ, հետևում եմ աղետի գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Մեր փրկարարական ծառայություններն անում են հնարավոր ամեն բան»,- ասել է Էրդողանը:

Նշվում է, որ աղետի գոտում աշխատում է փրկարարների 493 խումբ` 28 շրջաններից: Էլազըգ նահանգ է տեղափոխվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 վերմակ: