Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել

00:38 • 25.01.20

Ֆրանսիական Փարիզ և Բորդո քաղաքներում գրանցվել է Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզենին:

«Բորդոյում վարակվել է Չինաստանից վերադարձած Ֆրանսիայի 48-ամյա քաղաքացին: Նա եղել է Ուհան քաղաքում: Հիվանդանոց է դիմել հունվարի 23-ին: Այժմ գտնվում է անհատական հիվանդասենյակում»,- ասել է նախարարն ու հավելել, որ Ֆրանսիա գալուց հետո նա շփում է ունեցել տասնյակ մարդկանց հետ:

Մյուս հիվանդը գտնվում է Փարիզի Bichat հիվանդանոցում` կրկին առանձին հիվանդասենյակում:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին: