Անտառապետերն ու անտառապահներն առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստներով. Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ
Շարունակելով ներկայացնել նոր Հայաստանի նոր 100 փաստերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 30-րդ փաստը վերաբերում է 2019 թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրված գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրին:
«Դրա շրջանակում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 35 հազար հեկտար հողատարածք: Գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50 տոկոսը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60 տոկոսով»,-ասաց նա:
31-րդ փաստը վերաբերում է Հայաստանից առաքվող փոստային փաթեթների մաքսային զննման ձևակերպման համար սահմանված սակագնին. «2250 դրամը չեղարկվել է՝ հնարավորություն ընձեռելով փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ օգտագործել էլեկտրոնային առևտրի և արտահանման հնարավորությունները»,-նշեց վարչապետը:
32-րդ փաստը, ըստ վարչապետի, այն է, որ գործարկվել է ներդրումների աջակցման կենտրոնի մեկ պատուհանի համակարգը: «Այն ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին կուղեկվի ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում և կտրամադրի համալիր առաջակցություն մի շարք ուղղություններով»,-նշեց Փաշինյանը:
Հաջորդ փաստը վերաբերում էր ճանապարհների հիմնանորոգմանը: Վարչապետի խոսքով՝ 2019 թ. կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ: «2019 թ. պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կմ ճանապարհն այնքան է, որքան 2015-2017 թթ. հիմնանորոգված ճանապարհները՝ միասին վերցրած»,-ասաց վարչապետը՝ նշելով նաև, որ 2020թ. պատրաստվում են 500 կմ ճանապարհ կառուցել:
34-րդ փաստն առնչվում էր համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը. «Դրա նպատակով հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 16.3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով: Հայաստանի մարզերի 41 համայնքներում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ՝ շուրջ 860 միլիոն դրամ արժեքով»,-ասաց վարչապետը՝ հայտնելով նաև, որ 2020 թ. սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեով հատկացվել է 10 միլիոն դրամ:
Հաջորդ փաստը Հայաստանի մարզերում աղբահանության համակարգում տնտեսավարող սուբյեկտների ներգրավվելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, որոնց շնորհիվ 2017 թ. համեմատ շուրջ 220 տոկոսով աճել է աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը:
36-րդ փաստ՝ իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները Հյուսիսային մաքսատուն վարչություն տեղափոխման գործընթացը, ինչի արդյունքում 3-րդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի, 2019 թ. Հայաստան է ներմուծվել 189 000 ավտոմեքենա, որը 3 անգամ գերազանցում է 2018 թ. ցուցանիշը:
37-րդ փաստը, ըստ վարչապետի, այն է, որ 2018 թ. ընթացքում կառավարությանը հաջողվել է 2017 թ. համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5 տոկոս, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ամբողջ ընթացքում:
Հաջորդիվ վարչապետն անդրադարձավ ծնելիության խրախուսմանը՝ նշելով, որ 2020 թ. երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր կիրականացվեն, որոնք կգործեն 2020 թ. հուլիսի 1-ից:
39-րդ փաստը վերաբերում էր ուսուցիչների նվազագույն աշխատավարձին: Փաշինյանը նշեց, թե նրանց աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է 108 000 դրամ: Նա նշեց նաև, որ ծրագրեր են իրականացվում ուսուցիչների, աշակերտների և ուսանողների տեղափոխման, հավասար հնարավորությունների ապահովման համար:
Շարունակելով ներկայացնել կրթության ոլորտի փաստերը՝ Փաշինյանն ասաց, որ 2020 թ. հունվարի 1-ից գործում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների անվանական կրթաթոշակ տրամադրելու կարգը: «Կրթաթոշակների չափը տատանվելու է ամսական 5 000-25 000-ի սահմաններում»,-հայտնեց նա:
Հաջորդիվ վարչապետը ներկայացրեց, որ 2020 թ. հունվարի 1-ից Երևանի շտապ բժշկական օգնություն շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեական ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է մինչև 25 տոկոսով, մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56 տոկոսով:
42-րդ փաստը վերաբերում էր Երևանի 2020 թ. բյուջեին. «Եկամտային մասով 2017 թ. բյուջեի փաստացի ցուցանիշի համեմատ ավել է լինելու 48 տոկոսով, 2018 թ. համեմատ՝ 56 տոկոսով, 2019 թ. համեմատ՝ 30 տոկոսով»,-ասաց նա:
43-րդ՝ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը 2017 թ. վերջին կազմել է 338 միլիարդ դրամ՝ 29 000 հատ վարկով: 2019 թ. վերջի դրությամբ՝ 393 միլիարդ դրամ՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 38 տոկոսով: 2019 թ. դրությամբ 41 000 ընտանիք ձեռք է բերել բնակարան:
44-րդ փաստը ևս վերաբերում էր բնակարանների ձեռքբերմանը: Գործադիրի ղեկավարը նշեց, որ էական աճել է հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար ուղղվող ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձվող գումարը: 2568 վարկառու է եղել 2019 թ., որոնց վերադարձվել է 7.9 միլիարդ դրամ:
45-րդ փաստն առնչվում էր փրկարար ծառայության շարքային անձնակազմի, անտառապետների, անտառապահների միջին աշխատավարձի բարձրացմանը՝ նշելով, որ 2019 թ. հոկտեմբերի 1-ից 99 անտառապետի և 512 անտառապահի աշխատավարձը ավելացվել է 20 տոկոսով վերջիններս առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստներով:










