Միջազգային կառույցները տնտեսական աճի կանխատեսումը բարձրացնում են, բա տնտեսական հեղափոխությունը պոզով-պոչով մեծ կենդանի՞ է. վարչապետը ներկայացնում է 100 փաստ

13:16 • 25.01.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր մամուլի ասուլիսին ներկայացնել 100 փաստ կառավարության աշխատանքներից:

Փաստ համար 71

2019 թվականին լրացուցիչ 984 մլն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին: Այսպիսով՝ 2019 թվականի ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30 %-ով:

Փաստ համար 72

Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:  «Ես զարմանում եմ, թե ինչ պայմաններում է հնարավոր հայ մայրիկին համոզել, որ իր փակած մուրաբայից իր զինվոր տղուն չուղարկի, դա հնարավոր չէ»,-ասաց նա և խոսքը նրա մասին է, որ առկա խնդիրը  մեծ քայլերով լուծվում է:

Փաստ համար 73

Հայաստանում և Արցախում 2019 թվականին անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ:

Փաստ համար 74

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները ընդունել են Հայոց ցեղապանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:

Փաստ համար 75

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել է Հայաստանը և այն համահեղինակվել է 54 երկրի կողմից:

Փաստ համար 76

2019 թվականի ընթացքում հաջողությամբ Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում:

Փաստ համար 77

2019 թվականին հոկտեմբերի 6-9 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում ՀՀ ժամանեցին 2500 մասնագետներ և 20 երկրներից նախարարական պատվիրակություններ:

Փաստ համար 78

2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից: 

Փաստ համար 79

Շարունակվել է ՀՀ զինված ուժերի զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետներն առաքելության մեկնարկից ի վեր մինչ օրս տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 124.000 քառ. մետր տարածք մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 8.500 քաղաքացիների:

Փաստ համար 80

Համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան 2019 թվականին` 3240, 2018 թ.՝ 5994 և նախորդ տարվա համեմատ ավել է 60%-ով, 2017-ի համեմատ՝ 197 %-ով:

Փաստ համար 81

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա:

Փաստ համար 82

2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 29 %-ով, 2017-ի համեմատ` 47 %-ով, իսկ 2016-ի համեմատ`51%-ով: ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2670 մարդ:

Փաստ համար 83

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը` «B+»-ից դարձնելով «BB-»` կայուն հեռանկարով: Վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը` վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար:  Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը : Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: «Այսինքն` աշխարհի միտումը և մեր տարածաշրջանի միտումը տնտեսական աճի կանխատեսումը նվազեցնում են, մեր դեպքում բարձրացնում են: Բա տնտեսական հեղափոխությունը պոզով-պոչով մեծ կենդանի՞ է»,-ասաց նա:

Փաստ համար 84

Ըստ «Freedom House» կազմակերպության զեկույցի՝ Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է ազատ երկրների շարքում` Ֆրանսիայի հետ կիսելով ութերորդ հորիզոնականը:

Փաստ 85

«Թայմը» իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը համարել է «Կովկասյան վագր»: