ԱՄՆ-ի բնակիչը նվեր է ստացել 14 տարի առաջ կորցրած մատանին
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքի բնակիչը, որը 2005 թվականին կորցրել էր ամուսնական մատանին, այն գտել է 14 տարի անց: Այս մասին հայտնում է UPI-ն:
Աղբյուրը գրում է, որ Թյորներ Քինգը 2005 թվականին հանդես էր գալիս կաթոլիկ դպրոցի բասկետբոլային թիմում: Շառլոթսվիլ քաղաքի մոտակայքում թիմի ավտոբուսը փչանում է և ակումբի անձնակազմը գիշերում է տեղի հյուրանոցներից մեկում, որտեղ Քինգը լոգարանում հանում է մատանին և մոռանում այն լվացարանում:
Նույնիսկ ամիսներ անց նա չէր դադարում զանգահարել հյուրանոց այն հույսով, որ մատանին գտնվել է, սակայն ապարդյուն: 2019 թվականի հոկտեմբերին Նելիսֆորդ քաղաքի բնակչուհին տեղի խանութներից մեկից գնում է մատանին և տեսնելով գրություն` տեղի կաթոլիկ դպրոցի անունով, որոշում է վերադարձնել այն:
Նա զանգահարում է ուսումնական հաստատություն, զրուցում Դեբի Սթեմփ անունով աշխատակցուհու հետ, որն էլ հիշում է Քինգին և, վերցնելով մատանին, տալիս է նրա կնոջը: Քինգի կինը մատանին փաթեթավորում է և սուրբծննդյան տոներին նվիրում ամուսնուն:










