Սահմանադրական փոփոխությունների սկիզբն անլուրջ է, նման հանձնաժողովով որակ ապահովել չեն կարող. սահմանադրագետ

21:50 • 25.01.20

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացին թերահավատորեն եմ  մոտենում, հանձնաժողովը կազմվում է անլուրջ  մոտեցմամբ, նման հանձնաժողովով  որակ ապահովել հնարավոր չի լինի»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

«Մասնագետներն ի՞նչ չափանիշներով են ներառվում: Չափանիշ է սահմանվել  գիտությունների թենածու կամ դոկտոր՝ 7 տարվա մասնագիտական ստաժով: Նրանց  թիվը հազարներով է, ինչպե՞ս են ընտրելու, այդ մարդիկ մրցույթն անցկացնելիս կարող են ներգրավել այն մարդկանց, որոնք իրենց պետք են, որ իրենց մտահղացումներին չխանգարեն: Ես փորձում եմ առավելագույնս ձեռնապահ մնալ գործընթացներին ներգրավելուց: Տեսնում եմ՝ սկիզբն անլուրջ է»,- ընդգծեց նա:

Վարդան Այվազյանն ասաց, որ գործընթացը դասական ձևաչափի մեջ չէ, նախագահին մեկուսացրել են գործընթացներից:

«Սահմանադրական փոփոխությունների հանձանաժողովը պետք է ՀՀ նախագահը ձևավորի, ընդհանրապես,  նախագահն է  սահմանադրության երաշխավորը, իհարկե, մեր երկրում այդպես չէ. խեղաթյուրել են նախագահի ինստիտուտը:  Հիմա սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է գործադիր թևը, ցանկացած իշխանության թեև ունի ներգերատեսչական շահագրգռվածություն: Եթե ԱԺ-ն լիներ  նախաձեռնողը, իր լիազորությունների մեծացման շարժառիթը դրված կլիներ, դատականն իր համար, գործադիրն էլ իր համար է անում»,- նշեց նա:

Վարդան Այվազյանի խոսքով՝ սահմանադրությունը կոնցեպտուալ փաստաթուղթ է և  դրա փոփոխությունը չպետք է արդարադատության նախարության մակարդակով կազամակերպվի: Ինչ վերաբերում է հետագայում խորհրդարանական քննարկումներին, ապա Վարդան Այվազյանն ասաց, որ այս  խորհրդարանը ևս  չի կարող որակյալ փաստաթուղթ հրամցնել:

«Այստեղ բացառապես խոսքը գնում է ինտելեկտուալ կարողությունների և իրավունքի ոլորտում գիտելիքների վերաբերյալ: Այսօրվա խորհրադարանը չունի այդ ներուժը,  բացառությամբ մի քանիսի` չկան պատագմավորներ, ովքեր իրավական պատշաճ  գիտելիքներ ունեն և կարող են ապահովել դրա որակականությունը, պարազապես սիրողական մակարադակով է ամեն ինչ արվելու: Նույնը 1995 թ-ից սկսած մինչև օրս շարունակվում է, այդ պատճառով էլ պետականության մեջ որակ չենք տեսնում: Որակը  չի որոշվում թալանչի կաշառակեր, թավշյա  լինելով, այլ  մասնագետ լինելով»,- ասաց նա:

Վարդան Այվազյանի  խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, քաղաքական ճգնաժամն այսօր շարունակվում է, բայց փոփոխություններին պետք է համակարգային, լուրջ մոտեցում ցուցաբերել:

Ինչ վերաբերում  է հարցին` արդյո՞ք  փոփոխությունները կարող են միտված  լինել  կառավարելի ՍԴ ունենալուն կամ  ուժայինների նկատմամբ քաղաքական ազդեցությունն ավելացնելուն, սահմանդրագետն ասաց, որ դա պարզ կլինի, երբ  փոփոխությունների տեքստը հրապարակվի: