Ծիծաղելի եք, չգիտես լա՞ս, թե՞ խնդաս, «դաժանագույն փաստարկ»․ համացանցում արձագանքում են Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի մասին վարչապետի գրառմանը

17:47 • 26.01.20

Ֆեյսբուք սոցցանցում ակտիվորեն քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը՝  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչի մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը, որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր հրապարկել էր գրչի լուսանկար։

Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ապացույցին, գրել է․ «2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ, թե առանց, պարոն Փաշինյան: Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել:

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի... Չի լինում»:

Անդրադառնալով հրապարակմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է․ «Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից։ Անասելի ցավ է, քանզի միշտ համոզված եմ եղել, որ Աստված չի արժանացնի մեզ նրան, ինչին իրոք արժանի ենք։ Ափսոս, սխալվեցի՝ արժանացրեց։

Հ.Գ. Ինչպես միշտ նա գցեք պատասխանատվությունը այլ մարդու վրա։ Ծիծաղելի ես՝ ծիծաղելի»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ևս անդրադարձել է Փաշինյանի գրառմանը։
Նա գրել է, թե «ջախջախիչ, անհամաչափ, դաժանագույն փաստարկ ներկայացրեց էս անխիղճը»:

Խոսելով վարչապետի ներկայացրած փաստարկի մասին, Նարեկ Սամսոնյանն այն որակել է «դաժանագույն»։

«Հրայր Թովմասյանի փաստաբանները կարան էլ չսպասեն ու էս դասական զրպարտչին դատի տան»,– գրել է նա:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն, անդրադառնալով վարչապետի հրապարակմանը, գրել է․ «Նիկոլը ներկայացրեց իր հաղթական խաղաթուղթը, որով երեկվանից սպառնում էր ջախջախել Թովմասյան Հրայրին. փաստորեն Թովմասյանը 2018-ի մայիսին Նիկոլի կողքն ա նստած եղել ինչ-որ միջոցառմանը, Նիկոլն իր գրիչը չի գտել, Հրայրի գրիչով ա գրել, հետո Հրայրի գրիչը մնացել ա իր մոտ։

Նիկոլը պնդում է, որ Հրայրն այդ գրիչը «շողոքորթելով» է իրեն տվել, ես համոզված եմ, որ ստում է, քանի որ ... Քանի որ «Նիկոլ» և «ստախոս» բառերն արդեն հոմանիշ են դառնում հայերենում։ Արդեն չեմ զարմանա, եթե հենց ինքը ցրած լինի։ Արդեն ոչ մի բանից չեմ զարմանա։

Ու փաստորեն Նիկոլը հենց այդ դրվագն է լրագրողների ու ժողովրդի առաջ ներկայացնում՝ որպես անսասան ապացույց, որ Հրայրն «ամեն օր, հետո ամեն շաբաթ, հետո ամեն ամիս փորձում էր իմ հետ կապ հաստատել, իր ծառայությունը մատուցել»։

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հակոբյանն իր էջում գրել է․ «Չէ լո՞ւրջ, էս ա՞ անհերքելի, ջախջախիչ փաստն ու ապացույցը, ու կգտվի՞ մի ադեկվատ, խելքը գլխին մարդ, ով կհամարի որ չգիտեմ որ դարակից գտած գրիչը կարա անհերքելի ապացույց հանդիսանա: Չէ լուրջ Նիկոլը մարդկանց լրի՞վ ապուշի տեղ ա դրել, Չգիտես լա՞ս, թե՞ խնդաս»:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն իր էջում գրել է․«Նիկոլ Փաշինյանի բանավեճը Հրայր Թովմասյանի հետ ընդամենը պարզունակ տղայություն է՝ մաչոյիզմ։ Եվ վարչապետն ամենն այս անում է այնպիսի ինքնավստահությամբ, որ, կարծես թե, համաշխարհային պրակտիկայում նախադեպը չունեցող դատական ռեֆորմ է իրականացրել, իսկ հիմա ծանր աշխատանքից հետո «շուլուխներ» է անում։Պարոն վարչապետ, լրջացեք, սա պետություն է՝ Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե Ձեր տան խոհանոցը»։

 Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Վերջ «ցնցող» բացահայտում` Հրայրի դեմ «փաստը» պարզվեց Նիկոլին նվիրած գրիչն էր: Նիկոլի տեղը ամոթ եմ զգում, ամոթ եմ զգում որ էս տեսակ ցածր ու փոքրոգի մարդը իմ երկրի վարչապետն է, որ տեսակ մարդուն թեկուզ կարճ ժամանակ, բայց որոշ չափով հավատացել եմ ու ցավ եմ ապրում , որ երկրում դեռ մնացել են թեկուզ քիչ, բայց հավատացող մարդիկ: Ամոթ է, երբ Էթիկայի նորմերին համապատասխան վերաբերմունքը երկրի վարչապետը ընկալում է որպես իր անձին ուղղված քծնանք` համենայն դեպս իր գրառման մեջ քծնանքի փաստ էլ չկար, իսկ քծնանքի մասին խոսելիս Նիկոլ թող նախ իր շրջապատը նայի` մարդկանց, ովքեր ասում են , թե վարչապետն ինչ ասում ու անում է ` ճիշտ է անում:

Ստորացող և ճղճիմ վարչապետ ունենալը պատիվ չէ յուրաքանյուրիս համար` անկախ նրանից համակրում ենք , թե` ոչ, քննադատում ենք կամ պաշտպանում իրեն: Ի վերջո բոլորս ապրում ենք մի երկրում և ունենք մի վարչապետ, ով տարիուկես առաջ վայելում էր բացարձակ հեղինակություն, իսկ այսօր դարձել է ճղճիմ ռեպրեսոր : Ողղակի ամոթալի է:

Կարծում եմ Նիկոլի երեկվա հայտարարությունը այլ ` ավելի վտանգավոր դրսևորում էր ունենալու, որից վարչապետը նահանջեց ամոթալի իրավիճակում հայտնվելով»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել։

 «Տեսեք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում։ Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, թե ինչ են կարծում իրենք Փաշինյանի «փաստերի» ու «փաստարկների» մասին։ Խայտառակ ու ամոթ վիճակ է։

Այն, ինչի մասին դեռ օրեր առաջ ընդամենը մի քանի հազար մարդ էր խոսում, հիմա բոլորին է ակնհայտ դարձել՝ Նիկոլը սուտասան է և վատ ղեկավար։ Սա է այսօրվա Հայաստանի գլխավոր փաստը։

Այսօրվանից սկսած երկրի թիվ մեկ խնդիրը պետք է դառնա վարչապետի նոր թեկնածու գտնելը։ Սա է քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրը և այս հարցի լուծման շուրջ է, որ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր կարող ուժերը»,-գրել է նա։