Պեսկովը պատմել է ՌԴ կառավարության ձևավորման ժամանակ վարչապետ Միշուստինի քարտ-բլանշի մասին
Նոր կառավարության կազմավորման ժամանակ զգալի կադրային պահուստ է գործարկվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, արդեն իսկ կադրային պահուստ գոյություն ունի, որից անհրաժեշտության դեպքում դուրս են բերվում այս կամ այն թեկնածությունները՝ ըստ առաջարկների: Սակայն քանի որ առաջարկն արվել է Միշուստինին որպես կառավարության ղեկավարի, ապա, իհարկե, վստահ եմ, որ նա որոշակի քարտ-բլանշ ուներ իր թիմը ձևավորելու համար»,- Պեսկովը պատմել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:
Միևնույն ժամանակ Պեսկովը կարծիք է հայտնել, որ վարչապետ լինելով՝ նա կառավարությունը կազմավորելիս անմիջական պատասխանատվություն է կրում նախագահի առաջ:
Ինչ վերաբերում է կառավարության նախկին ղեկավարի հրաժարականին, ապա Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ Մեդվեդևն ինքնուրույն է կայացրել այդ որոշումը՝ այն հանձնարարականների ֆոնին, որոնք նախագահը հնչեցրել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը կառավարության հրաժարականի մասին հայտարարել էր հունվարի 15-ին: Նույն օրը վարչապետի պաշտոնում Պուտինն առաջարկել էր Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն էլ հաստատել էր Պետդուման:










