Ոչ թե գրիչն է կարևոր, այլ՝ տեքստը․ Հովիկ Աղազարյանը՝  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի վերաբերյալ վարչապետի գրառման մասին

15:25 • 27.01.20

Նիկոլ Փաշինյանի գրառումներում ոչ թե գրիչի նկարն է կարևոր, այլ՝  ներկայացված բովանդակությունը, տեքստը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝  անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կատարած հրապարակումներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար՝ ասելով, որ այն իրեն է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և այն որակել որպես ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Պատգամավորի խոսքով՝ վարչապետի գրառումը արտասովոր երևույթ չէ, քանի որ այդ ամենը հաջորդել  է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Սահմանադրական դատարանի թեմայով հարցերին, ըստ նրա՝ հենց այդ քննարկումների պատճառով է առաջացել հետագա զարգացումները։

«Ես այստեղ վիրավորական ոչինչ չեմ տեսնում, քաղաքական գնահատական է։ Վարչապետը ճիշտ գնահատական է տվել մի անձնավորության, որը Հայաստանում ամենալուրջ պաշտոնների մեկն է զբաղեցնում, և որն իսկապես այդ պահվածքն է ունեցել»,- ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ ՍԴ նախագահի նման պահվածքը շարունակական բնույթ ունի և նա նախկինում նույն կերպ է վարվել  նախկին իշխանության հետ, ինչի արդյունքում հասել է ներկայիս դիրքին։ «Փաստորեն՝ վարչապետն ուզել է ասել, որ այսօր նման գործելաոճը ընդունելի չէ»։

Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի գրառումներին հաջորդեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի տարածած՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ևս մեկ անձի մասնակցությամբ լուսանկարը, որտեղ  գլուխը խոնարհած սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որին Բաբաջանյանը ներկայացրել է որպես ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, սակայն ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարում իրականում Արծվիկ Մինասյանն է, Աղազարյանը պատասխանեց, որ անձն իրականում չի խոնարհվել, լուսանկարն է այդպես ստացվել։

«Տեսել եմ այդ լուսանկարը, բայց չգիտեմ՝ Արծվիկ Մինասյանն է, թե Հրայր Թովմասյանը։ Ով էլ, որ լինի, միևնույն է այդտեղ սարսափելի բան չկա»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք մեծ քննարկման առիթ դարձած թեման խմբակցությունում քննարկվելո՞ւ է, ասաց՝ իհարկե՝ ոչ։

«Անհրաժեշտություն չկա։ Գրիչի թեման պոկում ենք այն գաղափարից, որը վարչապետը ներկայացրել է։ Ոչ թե գրիչն է կարևոր, այլ տեքստը, որ Հրայր Թովմասյանը օգտագործել է բոլոր հնարավորությունները, որպեսզի նախկին  իշխանություններին հարիր հարաբերություններ ունենա ներկայիս իշխանության հետ։ Գրիչը պարզապես փաստացի ապացույց է»,- դիտարկեց Աղազարյանը։