Ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ մյուս վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ փոխնախարար
Այսօր Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունից առաջ, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայան ներկայացրեց, թե ինչ վիճակում են հունվարի 24-ին վիրավորում ստացած զինծառայողները։
Բալայանը նշեց, որ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողը Երևան է տեղափոխվել. «Երկրորդ վիրահատական միջամտություն դեռ չի եղել, որպես այդպիսին կարիքը դեռ չկա, սպասում ենք՝ զարգացման դինամիկայից ելնելով բժիշկների հետագա քայլերին»:
Նա նշեց, որ վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մյուս վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումներն իրականացվել են, շուտով կվերադառնա իր ծառայությանը։
Բալայանը խոսեց նաև Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին՝ նշելով, որ վերջինիս վիճակը չի փոխվել, նույնն է՝ ինչ առաջին օրերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել։
Հարուցված քրեական գործով կասկածյալ էր համարվում նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի մեղավորության մասին հայտնում էին Վայոց Ձորի չորս զինծառայող։
Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծելու ականատեսը չի եղել ու նույնիսկ դեպքի վայրում չի գտնվել։ Քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվեցին Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որոնք կալանավորվել են Արա Մխիթարյանի գլխին բռունցքով և մահակով հարվածներ հասցնելու համար։










