Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Նիկոլ Փաշինյանի հեռախոսը չի զննվել. 168.am
168.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսման մասին հարցում է ուղարկել Քննչական կոմիտե, որտեղից պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Նաև նշել են, որ հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու հանգամանքները:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, մասնագետի մասնակցությամբ՝ «Oxigen software detective 9.2.0.75» արտոնագրված ծրագրային ապահովման կիրառմամբ կատարվել է Ա. Վանեցյանի և Ս. Խաչատրյանի բջջային հեռախոսների զննում»,- 168.am-ին ասել են ՔԿ-ից՝ հավելելով նաև, որ վերոնշյալ ծրագրային ապահովումը հանդիսանում է ոլորտում լավագույններից և արդյունավետներից մեկը, և հենց դրա կիրառմամբ են ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկներն իրականացնում համապատասխան փորձագիտական հետազոտություններ:
ՔԿ-ից տեղեկացրել են նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բջջային հեռախոսը փորձաքննության չի ենթարկվել:
«Անհասկանալի է, իհարկե, թե ինչո՞ւ այդ գործով 3 ֆիգուրանտներից մեկի հեռախոսը հետաքրքրություն չի ներկայացրել նախաքննական մարմնի համար, և արդյո՞ք դա պայմանավորված է նրա զբաղեցրած պաշտոնով, սակայն այդ մասին ՔԿ-ն լռել էր»,– գրում է կայքը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










