Կամբոջայում հաստատվել է Չինաստանից տարածվող նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը
Չինաստանից տարածվող նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Կամբոջայում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, այս մասին տեղեկացրել է թագավորության առողջապահության նախարար Մամ Բուն Հենգը:
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր տեսակի թոքաբորբն ախտորոշվել է Կամբոջա ժամանած Չինաստանի քաղաքացու մոտ: Դեպքն արձանագրվել է Սիանուկվիլ նավահանգստային քաղաքում:
Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը գերազանցել է 80-ը:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:










