Կորոնավիրուսը հասել է Ուկրաինա. հաստատվել է վիրուսով վարակման առաջին դեպքը

17:24 • 27.01.20

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարկման առաջին դեպքը, հայտնում է Obozrevatel կայքը:

Արդյունքները հրապարակվել են «Ուկրաինայի առողջապահության նախարարության Կիևի քաղաքային լաբորատոր կենտրոն»-ի պետական հիմնարկի կողմից` հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում ինֆեկցիոն հիվանդության ախտանիշներով ավելի քան 100 հիվանդներ են հետազոտվել, սակայն նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել ավելի քանի երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, նրանցից 80-ը մահացել են: