Բրիտանացիները բոյկոտել են ԵՄ-ից դուրս գալու պատվին թողարկված նոր մետաղադրամները

17:06 • 27.01.20

Բրիտանացիները բոյկոտ են հայտարարել թագավորության` ԵՄ-ից դուրս գալու պատվին թողարկված նոր մետաղադրամների օգտագործմանը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Խոսքը վերաբերում է 50 պենս արժողությամբ մանրադրամներին, որոնք թողարկվել են 3 միլիոն օրինակով: Նոր մետաղադրամները շրջանառության մեջ պետք է դրվեն 2020 թվականի հունվարի 31-ին. հենց այդ օրը Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրոպական Միությունից: Մետաղադրամների վրա գրված է «խաղաղություն, բարգավաճում և ժողովուրդների բարեկամություն» և նշված է պատմական օրը:

Բրիտանացիները Twitter սոցիալական ցանցում սպառնացել են բոյկոտել մետաղադրամի օգտագործումը:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի մամուլի խոսնակ Ալաստեր Քեմփբելը գրել է, որ եթե խանութում իրեն 50 պենսանոց մետաղադրամով մանր տան, նա կխնդրի դրանք փոխանակել 2 հատ 20 պենս և 1 հատ 10 պենս արժողությամբ մետաղադրամներով: Քեմփբելը նշել է, որ «Բրեքզիթ»-ը «խաղաղություն, բարգավաճում և ժողովուրդների բարեկամություն» չի բերում, այլ ընդհակառակը` սպառնում է դրան:

Դժգոհություն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախկին նախարար, եվրաինտեգրման կողմնակից Էնդրյու Ադոնիսը: Նրա խոսքերով, ինքը պատրաստվում է մերժել նոր մետաղադրամները: