Մոնղոլիան կորոնավիրուսի պատճառով կփակի Չինաստանի հետ սահմանը

12:39 • 27.01.20

Մոնղոլիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով պատրաստվում են փակել  Չինաստանի հետ պետական սահմանը, ինչպես նաև դադարեցնում են ուսումնական հաստատությունների աշխատանքն ու արգելում են զանգվածային հավաքները: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

Մոնղոլիայի կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 27-ից սկսած Չինաստանի հետ պետական սահմանի անցակետերը փակ կլինեն ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար: Հրամանի ժամկետների մասին տեղեկություն չկա:

Կառավարությունը կարգադրել է փակել նաև բոլոր համալսարանները, ինստիտուտներն ու մասնագիտական կրթական կենտրոնները մինչև 2020 թվականի մարտի 2-ը: Մինչև նույն  ժամկետը դպրոցների ու մանկապարտեզների փակման մասին որոշումը ընդունվել էր դեռևս հունվարի 24-ին:

Երկրում արգելք է դրվել ցանկացած հասարակական միջոցառումների և զանգվածային հավաքների անցկացման համար:

Գործակալության տվյալներով՝ երկրում դեռևս վարակման դեպք չի գրանցվել, սակայն փոխվարչապետի հայտարարությունում ասված է, որ Մոնղոլիայում վարակի տարածման ռիսկը շարունակում է բարձր մնալ:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 80 կյանք է խլել, մարդուց մարդուն է փոխանցվում: