«Բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր». Թրամփը գրառում է արել Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

11:09 • 27.01.20

 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի մահվանը:

«Չնայած,որ նա բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր, սակայն նա նոր էր սկսում ապրել: Նա այնքան շատ էր սիրում իր ընտանիքը և այնքան մեծ կրքով էր նայում ապագային: Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստը ավելի ողբերգական է դարձնում  այս պահը»,-գրել է նախագահը:

Թրամփը հավելել է, որ ինքն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը ցավակցում են Բրայանտի ընտանիքին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:

Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:

Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել:

Բասկետբոլիստը սպորտային կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին: