80-ականների զենքերը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, դրանք լավագույն զենքերից են. Մովսես Հակոբյան
Բանակն այն վիճակում է, որ կարողանում իր առաջ դրված խնդիրները կատարել, բայց եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել և նոր սպառազինություն ձեռք չբերել, սխալվում է, բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինության անհրաժեշտություն առաջանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ 80-ականների զենքերի էջը փակված է, դա այդպե՞ս է, Մովսես Հակոբյանն ասաց. « Չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, 80-ականների զենքրեը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, օգտագործվելու են, որովհետև դրանք լավագույն զենքերից են»:
Նա ասաց, որ այն զենքերը, որոնք արտադրվել են դեռևս 1967 թվականին, այսօր մեր բանակում, աշխարհում լավագույն զենքերից են: Ըստ նրա՝ դա վերաբերում է հատկապես AK ինքնաձիգին:
Նա ասաց, որ պետք է ազնիվ լինել և գնահատել, թե 2016-ից հետո ինչ սպառազինություն է ձեռք բերվել հայկական բանակի համար և դրանից առաջ էլ չպետք է մոռանալ, թե սկսած Վազգեն Սարգսյանից՝ ինչեր է ձեռք բերվել հայոց բանակի համար:
Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով հրավիրվե՞լ է, Մովսես Հակոբյանն ասաց՝ չի հրավիրել, բայց եթե հրավեր լինի, կգնա, որևէ խնդիր չունի:










