Բրազիլիայում ջրհեղեղների և սողանքների պատճառով 64 մարդ է մահացել

11:07 • 29.01.20

Բրազիլիայում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով բրազիլական Telesur հեռուստաընկերությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 57 զոհի մասին:

Վերջին տվյալների համաձայն 53 մարդ զոհվել և 65 մարդ տուժել է Մինաս-Ժերայս նահանգում, որը ամենաշատն է տուժել աղետներից: Եվս 9 մարդ զոհվել է Էսպիրիտու-Սանտու նահանգում և ևս երկուսը Ռիո-Դե-Ժանեյրո նահանգում: Ամենաքիչը 19 մարդ համարվում է անհետ կորած: Հեռուստաալիքի տվյալներով ավելի քան 60 000 մարդ ստիպված է եղել լքել տները:

Մինաս-Ժերայս նահանգի նահանգապետ Ռոմեու Զեման նահանգի 853 շրջաններից 101-ում հայտարարել է արտակարգ դրություն, ցավակցություններ է հղել մահացածների ընտանիքներին և երեքօրյա սուգ է հայտարարել: Էսպիրիտու-Սանտու նահանգում արտակարգ դրություն է հայտարարված 4 շրջաններում:

Բրազիլիայի կառավարության գնահատականով տեղումները շուտով պետք է կրճատվեն, սակայն սողանքների վտանգը շարունակում է պահպանվել: