ՈւՀԱ-ի «Հայկական հավաքական» թիմի 25-ամյա խաղացողը կոմայի մեջ է ընկել
Մոսկվայի Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ թիմի 25-ամյա մասնակից Հովիկ Գրիգորյանը առողջական ծանր վիճակում է գտնվում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նրա մոտ հունվարի 8-ին ուղեղի կաթված է եղել, որից հետո նա հիվանդանոցում է գտնվել մինչև ամսի 21-ը, այնուհետև դուրս է գրվել, քանի որ արդեն ապաքինվում էր:
«Սակայն առողջական վիճակը կտրուկ վատացել է, և հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ անևրիզմ ախտորոշմամբ: Ներկա պահին նա խոր կոմայի մեջ է: Նա ինքնուրույն է շնչում, բայց մեծ հեմատոմայի պատճառով վիրահատել դեռ չի կարելի: Սակայն երբ նրա վիճակը լավանա, կարելի կլինի վիրահատել»,- ասվում է թիմի պաշտոնական էջում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ վիրահատության համար 1,5 մլն ռուբլի է պետք, որը հավաքելու համար օգնություն են խնդրում:










