Չինաստանում 400 ՀՀ քաղաքացի է բնակվում, իսկ կորոնավիրուսի կենտրոն Հուբեում՝ 7-ը. քննարկվում է նրանց տարհանման հարցը. ԱԳՆ
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելել է, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլուր:










