Թուրքիայում ԱՄՆ դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ Իսրայելի և Պաղեստինի հարցով Թրամփի առաջարկած «դարի գործարքի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մերձավոր Արևելքի հարցով «դարի գործարքի» վերաբերյալ առաջարկից հետո Թուրքիայում երկրի դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ են սկսվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:
Այժմ Անկարայում և Ստամբուլում ԱՄՆ դեսպանությունների դիմաց հավաքված մարդկանց մեծ մասը ներկայացնում է թուրքական իսլամիստական կուսակցություններ: Նրանք հանդես են գալիս «Ալլահ աքբար», «Անիծված եղիր, Իսրայել», «Իսրայելը և հանցակից ԱՄՆ՝ մարդասպաններ», «Հեռացեք Պաղեստինից» կոչերով:
Հավաքվածները խիստ քննադատության են ենթարկում Թրամփի առաջարկը:










