«ԱՄՆ-ի՝ մերձավորարևելյան հաշտության ծրագիրը մեռելածին է». Թուրքիայի ԱԳՆ

12:06 • 29.01.20

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված «Մերձավորարևելյան խաղաղության ծրագիրը»:  Այս մասին տեղեկացնում է Անադոլու լրատվականը:

Թուրքիայի արտգործնախարարությունում այս ծրագիրը բնորոշել են որպես «մեռելածին» և ընդգծել են, որ «թույլ չեն տա այնպիսի քայլեր, որոնք կօրինականացնեն իսրայելական օկուպացիան»:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ «Պաղեստինի հողերն ու ժողովրդին անհնար է գնել փողով»:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածքն են: