Ռուսական հեռուստաալիքների հարցը՝ օրակարգում. նոր սկանդա՞լ է հասունանում

17:33 • 30.01.20

Հեռուստատեսության ու ռադիոյի  հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն, ով այդ պաշտոնին էր ընտրվել նախորդ տարվա հունվարին՝ փոխարինելով Գագիկ Բունիաթյանին, հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։ «Օրինակ` վրացիների մասին, ուկրաինացիների մասին, որովհետև տվյալ պետությունը նրանց հետ թշնամական հարաբերություններ ունի։ Իսկ Վրաստանը մեր հա՛մ հարևանն է, հա՛մ դաշնակիցը։ Կան արևմտյան ընկերություններ, որոնց թշնամին կամ հակառակորդը Իրանն է, ու նրանք կարող են այդ հեռուստաընկերությամբ հակաիրանական բովանդակություն եթեր տալ»,–ասել է Հակոբյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ համապատասխան կարգավորումը առաջիկայում պետք է ամրագրվի նաև ՀՀ օրենսդրությամբ։

Ռուսական հեռուստաալիքների նկատմամբ սահմանափակումների կիրառման թեման իրականում նոր չէ. 2019-ի ապրիլն էր, երբ իմքայլական պատգամավոր Նարինե Թուխիկյանը  Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ժամանակ բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների («Միր», «ОРТ» և «Росcия 1») հեռարձակման սահմանափակման հարցը՝ հնչեցնելով հարցադրում, թե հնարավո՞ր, է արդյոք, սահմանափակել կամ անջատել այդ ալիքների հեռարձակումը հակահայկական, հայատյացություն ներշնչող հաղորդումների ցուցադրման ժամանակահատվածում։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ Տիգրան Հակոբյանը բացասաբար էր արձագանքել ակնհայտ հակառուսական տարրեր պարունակող գաղափարին՝ կոչ անելով, մասնավորապես, չմատնանշել Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի օրինակը. Ուկրաինան զրկվել է ինչ–որ բանից` տարածքներից, Մոլդովան և Վրաստանը` նույնպես:

Գաղտնիք չէ, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցը հատկապես այն երկրներում, որտեղ որոշակի սահմանափակումներ են գործել ու գործում, գլխավորապես դիտարկվում է քաղաքական կոնտեքստում: Նույն Վրատանում 2008-ին Սաակաշվիլիի կառավարությունն արգելել էր ռուսական հեուստաալիքների հեռարձակումը, սակայն նոր իշխանությունները վերանայել էին որոշումը: Իսկ ահա ռուսասիրությամբ աչքի չընկնող Լատվիայում 2019-ին առնվազը 3 ամսով արգելվել էր «Россия РТР» ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը՝ ուկրաինացիների նկատմամբ ատելություն հրահարելու հիմքով. լատվիացիներին կասկածելի էին թվացել, մասնավորապես, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ու «60 րոպե» հաղորդումները: Ինչպես կարելի է արձանագրել, ռուսական հեռուստաալիքների նկատմամբ դեմարշ տեղի է ունենում հիմնականում այն երկրներում, որոնք լարված քաղաքական կամ թշնամական հարաբերությունների մեջ են գտնվում Մոսկվայի հետ:

Հայ-ռուսական հարաբերությունների վրա ստվեր նետելու խնդի՞ր է լուծվում, երբ արդեն Երևանում խոսվում է ռուսական հեռուստաալիքների սահմանափակման հարցը օրակարգ մտցնելու մասին և այն էլ գրեթե այն նույն պատաճառաբանությամբ, ինչ՝ Լատվիայում: Ի՞նչը կարող էր ստիպել Հակոբյանին վերանայել սեփական մոտեցումներն ու խախտել, ինչպես ինքն էր նախկինում ասել, ստատուս-քվոն, իշխանությունները կամ առնվազն դրանց որոշակի շերտեր կապ ունե՞ն այս ամենի հետ: Ի դեպ՝ հետաքրքիր զուգադիպությամբ այս զգայուն թեման կրկին շրջանառության մեջ է հայտնվում Նիկոլ Փաշինյանի կապանյան ասուլիսում հնչեցրած հակասական հայտարարություններին գրեթե զուգահեռ, ուր նա, ըստ էության, չէր հրաժարվել իր այն պնդումից, որ Ապրիլյան պատերազմը նախապես համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ, ինչը բավական բացասական արձագանքներ էր ստացել, մասնավորաբար, ռուսական փորձագիտական որոշակի շրջանակների կողմից:

Միաժամանակ հետաքրքիր է, որ Հակոբյանն, ըստ էության, հնարավոր է համարել  նաև ամերիկյան «CNN»-ի նկատմամբ սահմանափակումների կիրառման հնարավորությունը, ինչը, սակայն, կարելի է դիտարկել որպես ավելի շատ շեղող հնարք, որ որևէ մեկին ընդգծված հակառուսականության մեջ հնարավոր չլինի մեղադրել:

Ինչպե՞ս կարձագանքեն քաղաքական իշխանությունները բարձրացված հարցին, ովքեր, անկասկած, չեն կարող չհասկանալ խնդրի քաղաքական արժեքն ու ենթատեքստը: Օրուգիշեր հայ-ռուսական «պայծառ» հարաբերությունների մասին առասպելներ պատմող իշխանությունները, որ, սակայն, փաստացի զբաղված են Հայաստանում ռուսամետ ուժերի քաղաքական  հալածանքով, ենթադրելի է, որ առայժմ ձեռնպահ կմնան կտրուկ գործողություններից ու նույնիսկ կանեն ամեն ինչ՝ իրավիճակը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու համար՝ թեման օգտագործելով իրենց «ռուսասիրությունն» ավելոդ անգամ Մոսկվային ի ցույց դնելու ու ապացուցելու, որ ՌԴ-ն բացառապես Նիկոլ Փաշինյանին է պարտական այն բանի համար, որ հաջողվում է խուսափել երկկողմ հարաբերությունների վրա ստվեր նետող նախաձեռնությունների ու գաղափարների նյութականացումից: Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանալու՝ կապված Հայաստանում արևմտյան օրակարգ առաջ մղող հայտնի ուժերի հետ, որոնք օրըստօրե է՛լ ավելի են մեծացնում իրենց ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի վրա, և որոնք հեղափոխությանը հատուկ ծառայություններ են մատուցում՝ բնավ ոչ անկեղծ սիրուց դրդված. այդ ամենն իր գինն ունի,և գլխավոր հարցն այս պարագայում այն է, թե արդյոք Փաշինյանը կկարողանա՞ վճարել այն և կոնկրետ ե՞րբ:

Վռամ Սուքիասյան