Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է ՀՀ-ի հետ վիզայի ազատ ռեժիմը․ Տիգրան Ավինյան

17:00 • 31.01.20

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 1-ից կասեցվում  վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,-գրել է Ավինյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով արդեն 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ: