Ովքեր են ընտրվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ և ինչ կենսագրություն ունեն նրանք
Նախորդ տարեվերջից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց է սկսել: Արդեն հայտնի են խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացված անդամների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից ընտրված իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների անունները:
Արդարադատության նախարարությունը հունվարի 29-ին հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ընտրված իրավաբան-գիտնականներ են՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, ՀԿ ներկայացուցիչներից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Այժմ կներկայացնենք ընտրված անդամների կենսագրությունները:
Անահիտ Մանասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: 2014-ից դասախոսում է Արդարադատության ակադեմիայում, իսկ 2019 թ. հունվարից ակադեմիայի պրոռեկտորն է: 2013-2014 թթ. Անահիտ Մանասյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել, այնուհետև 2014-2016 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական է եղել, իսկ 2016 թ. դեկտեմբերից 2018 թ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական: 2017թ. դեկտեմբերից մինչ այժմ Մանասյանը «Սահմանադրական արդարադատություն» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է:

Արթուր Ղամբարյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Ունի 25 մենագրություն, ուսումնական ձեռնարկ, 130-ից ավելի գիտական հոդված: Սովորել է ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում: Դասավանդել է տարբեր համալսարաններում՝ Հայ-ռուսական համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում: 2005-2013 թթ. նա եղել է ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի (Դատախազության դպրոց) գիտաշխատող, այնուհետև՝ ՀՀ դատախազության դպրոցի դատախազների վերապատրաստող: Մասնակցել է նաև ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքային խմբի աշխատանքներին: 2014-2019 թթ. Արթուր Ղամբարյանը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Արմեն Մազմանյանը Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, սահմանադրագետ: Սովորել է ԵՊՀ-ում, Իլինոյսի համալսարանում, Եվրոպական համալսարանական ինստիտուտում: Նա որպես դասախոս աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հարվարդի համալսարանում, Կոլումբիայի համալսարանի իրավագիտության դպրոցում։ Այժմ Արմեն Մազմանյանը պրոֆեսոր է Դյուքի համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցում։

Արսեն Թավադյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, փաստաբան: Սովորել է Երևանի պետական համալսարանում: 2013 թ. աշխատում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ Քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ որպես դասախոս: 2009-ից մինչ օրս Արսեն Թավադյանը «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ-ի իրավախորհրդատուներից է:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընտրված իրավաբան-գիտնականներից Լևոն Գևորգյանը ևս փաստաբան է, ունի մագիստրոսի աստիճան: Սովորել է Երևանի պետական համալսարանում և Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջում: «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայությունների ղեկավարն է:

Տիգրան Մարկոսյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: Ավարտել է ԵՊՀ-ն և այժմ դասավանդում է նույն բուհում: 2018-2019 թթ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ, իսկ 2019-ից հունիսից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ է: 2016 թ. մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված ՀՀ 2017-2020 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի աշխատանքներին:

Որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները: Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: 2016-ից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարն է: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 2011 թվականին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 2010-2011 թվականներին եղել է 4-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնականը: 2014 թվականին նա հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: 2018-ին Դանիել Իոաննիսյանը վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարն էր:

Ստորև ներկայացված են նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով հայտ ներկայացրած իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք չեն ընտրվել.
Իրավաբան-գիտնականներ՝ Տիգրան Նահապետյան, Լիպարիտ Դրմեյան, Գուրգեն Սիմոնյան, Արմեն Եզեկյան, Արման Սարվարյան, Սերգեյ Մեղրյան, Արտյոմ Գեղամյան, Հարություն Մանուկյան, Վիգեն Քոչարյան, Դավիթ Հակոբյան, Դավիթ Խաչատուրյան, Արփինե Հովհաննիսյան, Պավել Թադևոսյան, Թամարա Շաքարյան, Պարգև Օհանյան, Հայկանուշ Պարսամյան:
ՀԿ ներկայացուցիչներ՝ Պարույր Հայրիկյան («Դեպի բացարձակ ժողովրդավարություն»), Նորայր Հակոբյան («Վստահություն և համագործակցություն»), Հայարփի Սարգսյան («Վարորդի ընկեր»), Արթուր Սաքունց («Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»), Արտաշես Խալաթյան («Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»), Գևորգ Մանուկյան («Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն»), Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա իրավապաշտպան»), Արմեն Եսոյան («Հարկ վճարողների և գործատուների իրավունքների պաշտպանություն»), Անուշավան Նիկողոսյան («Դու մենակ չես» հակակոռուպցիոն իրավապաշտպան ՀԿ):
Ըստ վարչապետի որոշման՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի: Կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը հանձնաժողովում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Գևորգ Պետրոսյանը, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը:










