Դատարանն Apple-ին արտոնագրային խախտումների համար պարտավորեցրել է ավելի քան 800 միլիոն դոլար վճարել

10:01 • 31.01.20

Լոս Անջելեսի դատարանն Apple ընկերությանը պարտավորեցրել է 837 միլիոն դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին` արտոնագրային խախտումների համար, հայտնում է economictimes.indiatimes.com կայքը: 

Բացի այդ, դատարանի որոշմամբ, Apple ընկերությունը ստիպված կլինի 270 միլիոն դոլար էլ վճարել Broadcom միկրոչիպեր արտադրողին: Այսպիսով` ընկերության ընդհանուր «պարտքը» 1,1 միլիարդ դոլար է կազմել: Կայքի տվյալներով` «սա պատմության մեջ արտոնագրային վեճերի ամենախոշոր որոշումն է»:

Հայցվորը կարծում է, որ Apple-ի արտադրանքում` այդ թվում iPhone-ում, iPad-ում և Apple Watches-ում, օգտագործվել են Broadcom-ի բաղադրիչներ, որոնք խախտել են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտական բաժնի անլար տվյալների փոխանցման հետ կապված արտոնագրերը:

Apple և Broadcom ընկերությունները նշել են, որ բողոքարկելու են դատավճիռը:

Հայցվորները գոհ են մնացել դատարանի որոշումից: