Հնդկաստանում գյուղացիները քարկոծելով սպանել են նախօրեին ավելի քան 20 երեխայի պատանդ վերցրած տղամարդու կնոջը
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի գյուղերից մեկում բնակիչները քարկոծելով սպանել են նախօրեին ավելի քան 20 երեխայի պատանդ վերցրած Սուբհեշ Բատամի կնոջը, հայտնում է NDTV հեռուստաալիքի կայքը:
Ավելի վաղ ոստիկանները հատուկ գործողության ժամանակ սպանել են տղամարդուն, երեխաներն ազատ են արձակվել, նախնական տվյալների համաձայն` նրանք չեն տուժել:
Ինչպես գրել էին տեղական լրատվամիջոցները, Բատամը, որն ավելի վաղ մեղադրվել էր սպանության համար, երեխաներին հրավիրել էր իր դստեր ծննդյան տոնակատարությանը և պատանդ վերցրել նրանց: Պատանդառվել էր մինչև 15 տարեկան 23 երեխա, նաև` մի քանի կին: Երբ անհանգստացած ծնողները սկսել էին դուռը թակել, Բատամը կրակ էր բացել և նռնակ նետել:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն, երբ տղամարդը վնասազերծվել է, բնակիչները բռնել են նրա կնոջը և սկսել քարեր նետել նրա վրա: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:










